Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում խոսեց ՀՀ արտաքին քաղաքականության, ներքաղաքական հարցերի, տնտեսության, արցախահայերի հիմնախնդիրների մասին: Ո՞րն էր Ռ. Քոչարյանի ասուլիսի մեսիջը: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի եւ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
Սերգեյ Շաքարյանցն ասում է. «Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն ուներ բազմաթիվ ասելիքներ: Հիմա հերթով թվարկեմ. նախ եւ առաջ, նախագահը խոսեց արցախյան հիմնահարցի մասին, նշեց, որ թեպետ Արցախը հանձնված է, սակայն կա հավանականություն` Արցախ վերադարձի: Ըստ Քոչարյանի, Արցախի հարցը փակված չէ: Սա առաջին կարեւոր մեսիջն է, որ նա փոխանցեց հասարակությանը: Մյուս ասելիքը վերաբերում էր արտաքին քաղաքականությանը… Ռոբերտ Քոչարյանը հստակ խոսեց արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ու դրա հետեւանքների մասին: Գոնե որպես դիտորդ պետք է նայել, թե այսօր ինչ է կատարվում աշխարհում: Ավել-պակաս գործողությունները Հայաստանը վտանգավոր փակուղի են մտցնում:
Հունվարի 17-իցռուս-իրանական համաձայնագրի ստորագրումից հետո աշխարհը փոխվեց: Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ աշխարհակարգի փոփոխման այս պայմաններում չի կարելի փոփոխություններ կատարել: Նա անդրադարձ կատարեց նաեւ ներքաղաքական հարցերին: Փաստացի ասաց այն, ինչն իրականում կա, թե ով է համաձայն, ով ոչ սա հարցի մյուս, ոչ այնքան կարեւոր կողմն է, իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման, սադրում է Ռուսաստանի Դաշնությանըքայքայելով Հայաստանի պետականությունը: Նա խոսեց ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու մասին, ի դեպ, ասաց, որ Սերժ Սարգսյանի թիմն այդ հարցում համակարծիք չէ իր հետ: Իրականում երկրորդ եւ երրորդ նախագահներն ունեն խնդիրներ, հակառակ դեպքում առանձին խմբակցությունների չէին բաժանվի: Այս երկու թիմերը երբեք չեն էլ միավորվելու, քանի որ նման միտք կողմերից ոչ մեկը չունի: Ամեն մեկն էլ իրավունք ունի տարբեր մտքեր հայտնելու, բայց մենք պետք է համոզված լինեինք արդեն Հայաստանում ընտրությունների միջոցով չի կարող իշխանափոխություն լինել: Թեպետ ես չեմ էլ կիսում Սերժ Սարգսյանի թիմի որոշ տեսակետները, սակայն ակնհայտ է, որ դրսից աջակցություն է պետք` իշխանափոխության համար, իսկ, իմ կարծիքով, Քոչարյանի եւ Սարգսյանի վրա դրսի ուժերն ամեն կերպ փորձում են ազդել, որ Հայաստանում այդպես էլ իշխանափոխություն տեղի չունենա»:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ, անդրադառնալով երկրորդ նախագահի ասուլիսին, ասաց. «Քոչարյանի ասուլիսի իմաստները կարող ենք 2 հիմնական մասի բաժանելժամանակահատվածի եւ բովանդակության: Քանի որ 2021 թ. հունիսից հետո, երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, շատ էր խոսվում այն մասին, որ երկրորդ նախագահի գործոնը խանգարում է, Դուք էլ լսած կլինեք այն արտահայտությունը, որ, այ, եթե Քոչարյանն ընտրություններին չմասնակցեր, պատկերը կարող էր այլ լինել: Ասել է, թե Քոչարյանի գործոնով էր պայմանավորված Փաշինյանի վերարտադրությունը: Իրականությունն այլ է, Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ոչ մի կապ չուներ Քոչարյանի մասնակցության հետ կամ գուցե կապ ուներ, սակայն՝ շատ քիչ: Թե ինչու Նիկոլ Փաշինյանը հաղթեց 2021 թվականին, դա հասկանալու համար պետք են որոշակի մասնագիտական գիտելիքներ: Ընտրություններից հետո Քոչարյանը գրեթե 3 տարի չերեւաց քաղաքական դաշտում, ակտիվություն չցուցաբերեցինչո՞ւ, որովհետեւ նրան կողքից շատ էին ասում, որ իր ներկայությունը խանգարում է, եւ նա որոշեց պասիվանալ: Փաստացի, Քոչարյանը մի կողմ քաշվեց, որպեսզի ստեղծվի նոր հզոր ուժ, որը կտապալի գործող իշխանություններին, փորձեց այդ ուժերին «չխանգարել», լռեց, ոչ մի հարցի չխառնվեց, արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ՝ ոչ մի բան էլ տեղի չունեցավ: Թեպետ նրա թիմը, ինքը եւս, որոշ հանրահավաքների մասնակցում է, սակայն առաջնորդությունը Ռոբերտ Քոչարյանը չի վերցնում իր ձեռքը: Փաստացի, այն թեզը, թե Քոչարյանը խանգարում է ընդդիմությանը, իրականությանը չի համապատասխանում: Անկախ այն բանից, թե ինչ գործողություններ է կատարում երկրորդ նախագահը, ընդդիմությունը չի կայանում: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ կա՛մ մեր հասարակությունը չունի ընդդիմության կարիք, կա՛մ այս ընդդիմությունը կայացած չէ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությանը, ապա այստեղ կա Դոնալդ Թրամփի ֆենոմենը: Թրամփը պարտությունից 4 տարի անց կարողացավ կրկին հաղթել: Դա ցցուն օրինակ է բոլորի համար, որ եթե մի անգամ պարտվում ես, չի նշանակում, որ մշտապես պարտվելու ես: Քոչարյանի բովանդակային խոսքը եթե մեկ նախադասությամբ նկարագրենք, ապա կարող ենք արձանագրել, որ այն ապագայում կայանալիք ընտրությունների հայտ էրհամապատասխան ձեւաչափով: Նոր ձեւավորվող դաշինքի համառոտ ներկայացում էր այս ասուլիսը: Նա խոսեց Սերժ Սարգսյանի մասին, հիշեց անցյալը Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ այնքան գեղեցիկ հայտարարություն արեց, որ առաջին նախագահին «շեֆ» չի համարել, թեպետ նախորդ սահմանադրությամբ վարչապետը նախագահի ենթական էր: Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին անդադար լուրեր են տարածվում, թե իբր տարաձայնություններ ունեն, դրա համար չեն միանում, սակայն մի բան հստակ է՝ նրանք չեն կարող միանալ, որովհետեւ քաղաքականության մեջ ունեն շատ տարբեր կերպարներ: Եթե նախընտրական ցուցակ կազմվի, որտեղ լինեն երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, նրանց կողմնակիցները` մեկումեջ, ապա վստահեցնում եմ, որ նրանք շատ ավելի քիչ ձայներ կստանան, քան եթե ամեն մեկն առանձին մասնակցի ընտրություններին: Քաղաքական ուժերի միավորումը միավորում է ուժերի հակավարկանիշը: Քոչարյանն էլ հստակ ասաց, որ թշնամիներ չեն, պարզապես գնում են տարբեր ճանապարհներով, ինչը շատ նորմալ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5ff284c77404a88fb4dba3efe3afe35f?fbclid=IwY2xjawIiexhleHRuA2FlbQIxMQABHZjfLl6tgwhZHPXDXG0ZTmMh5j9Yw_XM0XRogt8A5NBk8kC9EuCgQSggQQ_aem_CFUOlBbF1KTo7jCbVwcs5A
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»